2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո, երբ իշխանությունը հասավ այն բանին, որ արգելեց Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը, ընդդիմության գերխնդիրը մնաց Ազատության հրապարակը վերանվաճելու համար պայքարելը:
Երեք տարի շարունակ Մատենադարանին հարակից տարածքում հանրահավաքներ հրավիրելուց հետո, 2011 թվականին, երբ ազատ էր արձակվել քաղբանտարկյալների մեծ մասը, Ազատության հրապարակը վերադարձվեց ժողովրդին: Մի քանի հանրահավաքից հետո, սակայն, Ազատության հրապարակը մնաց թափուր: Մեկ էլ ԱԺ ընտրություններից և Երևանի ավագանու ընտրություններից առաջ ընդդիմությունը հիշեց Ազատության հրապարակն ու բավարարվեց մեկ-երկու հանրահավաք հրավիրելով:
Շաբաթ օրը կրկին հանրահավաք էր Ազատության հրապարակում: Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման: Չորս քաղաքական ուժեր էին հրավիրել հանրահավաքը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստանը»:
Հետահայաց նայենք այդ ուժերի անցած ուղուն: ՀԱԿ-ը ձևավորվեց և որպես քաղաքական ուժ կայացավ 2008 թ. համաժողովրդական շարժման հենքի վրա, հետագայում նրա շարքերը նոսրացան, և այն վերածվեց կուսակցության: «Ժառանգություն»-ը, որն ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալեց վերջին տարիներին՝ պայքարելով տարբեր խավեր ներկայացնող տուժած քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, 2012 թ. ԱԺ մուտք գործեց բոլորովին այլ կազմով և այլ օրակարգով: ՀՅԴ-ն ոչ այն է՝ ընդդիմություն դարձավ, ոչ այն է՝ մնաց իշխանություն, և շարունակում է դոփել «ո՛չ միս, ո՛չ ձուկ» կարգավիճակում՝ դեսպան ուղարկելով արտերկիր, հընթացս իրեն ներկայացնելով որպես ընդդիմություն: «Բարգավաճ Հայաստանն» այդպես էլ վերջնականորեն չի այրում իր կամուրջները իշխանության հետ, իսկ Ազատության հրապարակի հարթակում նրա հայտնվելը անախրոնիզմ է, և ոչ ավելին: ՈՒ այսքանից հետո ակնկալելը, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացին, մոռանալով մի քանի տարվա վաղեմության դեպքերը, պետք է ոգևորված գար Ազատության հրապարակ և լսեր հերթական հռետորների հերթական կոչերը, մանկամտություն է: Հրապարակն, ինչ խոսք, սակավամարդ չէր, որովհետև ԱԺ չորս կուսակցություն որտեղ էլ հավաքվեն, իրենց համակիրների բանակը կունենան: Բայց ի՞նչ ակնկալիքով և հանուն ինչի՞: Չէ՞ որ դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր ՀԱԿ-ը, որպես ժողովրդի շահերից հանդես եկող ուժ, կազմում և միջազգային կառույցներ ուղարկում Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած օլիգարխների ցուցակը, որտեղ իր «պատվավոր» տեղն ուներ նաև ԲՀԿ-ի նախագահը: Թե՞ հիմա արդեն մոռացվել է՝ ով ով էր հեղափոխությունից առաջ, ու նաև՝ քիչ անց:
ՈՒ եթե սրան էլ գումարվում են ընդդիմադիր-իշխանամետ քաղաքական գործիչների ստվերային ու նաև ոչ գաղտնի կապերն ու պայմանավորվածությունները, ամեն ինչ դառնում է ի շրջանս յուր:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ